ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Առաջին «պա»-ից մինչև 20-ամյա «Բարեկամություն»

Առաջին «պա»-ից մինչև 20-ամյա «Բարեկամություն»
05.09.2008 | 00:00

45 ՏԱՐԻ ՀԱՅ ՊԱՐԱՐՎԵՍՏՈՒՄ
Պարարվեստի օլիմպոսում չես կարող ապահովել երկարակեցությունդ։ Անգամ այն դեպքում, երբ բնատուր օժտվածությունդ տևականորեն հաստատում ես աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Բնության օրենքներով՝ երկնային ասուպի նման շուտով մարում է զրնգուն փառքդ՝ պատանեկան առույգությանդ նվազմանը համընթաց։ Ստիպված ես համակերպվել կենդանության օրոք դեռևս պատմական անցյալի մի էջը դառնալու դառը ճակատագրին։ Եթե, իհարկե, հասել ես ճանաչման՝ որպես անզուգական անհատականություն։ Պարարվեստի ուրույն լեզվով մարդկանց կենսաբուխ խոհերդ ու հույզերդ փոխանցելու հոգևոր պահանջիդ հագուրդ ես տալիս՝ տարրալուծվելով քեզանից հետո բեմ բարձրացողների մեջ։ Եվ լիովին բավարարված ես զգում՝ ինքնահատուկ գեղագիտությունդ որդեգրած շնորհալի սաներով, որոնք ստեղծագործական երևակայությանդ հեռահաս թևեր են պարգևում։
Արդի հայ պարարվեստում բացառիկ այս երջանկության վայելքը հենց այնպես չի տրվել Հայաստանի ժողովրդական արտիստ ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ։ 1948-ին առաջին պարաքայլը՝ «պա»-ն, Երևանի պարարվեստի ուսումնարանում անելուց հետո պարը շուտով դարձավ նրա գիտակցական կյանքի անկյունաքարը՝ բեմական կոնկրետ արտահայտություն ստանալով Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի աստեղային շրջանի տասը տարիներին (1959-69 թթ.) Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), Չայկովսկու «Կարապի լիճը» (Ծաղրածու), Սպենդիարյանի «Խանդութ» (Փեսացու), Մինկուսի «Դոն Քիշոտ» (Բազիլ), Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ) և մի շարք այլ հանրահայտ բալետային ներկայացումներում մարմնավորած մեկուկես տասնյակ բեմական կերպարներով։ Դերից դեր անհատականության փայլով աչքի ընկնող բալերոնը շուտով հրավիրվում է Լենինգրադի խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ։ Գլխավոր պարուսույց Լ. Յակոբսոնի արվեստանոցում Մեհրաբյանի պարացանկը հարստանում է Մոցարտի «Պա-դե-դե»-ով, Բախի «Վարիացիաներ»-ով, Ռոսինիի «Պա-դե-տրուա»-ով, Ստրավինսկու «Կոնտրաստներ»-ով ու Տիշչենկոյի «Ձախ քայլերգ»-ով։ Նորաոճ պարալեզուն յուրովի զարգացնելով Երևանի պարարվեստի ուսումնարանում, որի գեղարվեստական ղեկավարն էր 1973-83 թթ., Մեհրաբյանը միաժամանակ հանդես էր գալիս Հայաստանի պարի պետական համույթում։
Հենց ուսումնարանում էլ ծնվում է նրա առաջին բեմադրությունը՝ Մոցարտի 40-րդ սիմֆոնիայի 4-րդ մասի հիման վրա։ ՈՒսումնարանի հոլանդական հյուրախաղերի զարդն է դառնում դրան հաջորդած Վիվալդիի «Կոնչերտո գրոսոն»։ Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան» և Խաչատրյանի «Ռուսական պարը» հաջողություն են գտնում Մոսկվայի Մեծ թատրոնում։ Բեթհովենի դաշնամուրային վարիացիաների, Խ. Ավետիսյանի «Զարթոնք» խորեոգրաֆիկ պատկերի, Բ. Սակիլարու «Չոփչոփիկ» մանկական բալետի բեմադրություններով ձևավորվում է Մեհրաբյանի ուրույն պարային «լեզուն», ընդլայնվում են արվեստագետի ժանրային հետաքրքրությունները։ Շոստակովիչի «Թզուկի երազ»-ին ու Պագանինիի «Վարիացիաներ»-ին հաջորդում են Վեբերի «Հիսուս Քրիստոս» ռոք օպերան (հատվածներ) ու Հախինյանի «Լոռեցի Սաքոն», «Ավե Մարիա» երաժշտական միստերիան և Խաչատրյանի «Սուսերով պարը», «ՈՒզունդարան», «Լեզգինկան» և «Վալսը»... Երկու տարի փորձառու արվեստագետը ղեկավարում է օպերային թատրոնի բալետային խումբը։ Ընդարձակելով գործունեության աշխարհագրական տարածքը՝ պարային խմբեր է կազմավորում Բեյրութի «Նոր սերունդ» մշակութային միությունում, Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, Հալեպի «Նիկոլ Աղբալյան» համազգային մշակութային կենտրոնում։
Սեփական գեղագիտության բյուրեղացման հաստատուն դարբնոց է դառնում իր իսկ նախաձեռնությամբ 1987-ին ստեղծված «Բարեկամություն» պարախումբը։ Ժողովրդականի և դասականի լավագույն արտահայտչամիջոցների ներդաշն համադրությամբ նորովի են մատուցվում ոչ միայն աշխարհի շատուշատ ժողովուրդների, այլև մեր ազգային ավանդական պարերը, ուշագրավ թատերայնության հասցվում պարարվեստի ուսումնարանում մասնագիտական հմտություններ ստացած 40 պարող-պարուհիների միահավասար կատարողական վարպետությամբ։ Պար-ներկայացումների անսամբլային ինքնահատուկ արտահայտչականությունն աննախադեպ կերպարայնությամբ է հագենում նկարչուհի Ռուբինա Հովհաննիսյանի գունագեղ ու նրբաճաշակ ձևավորումներով։ Դրամատիկական մանրապատումի ավարտուն ամբողջականությամբ են գերում Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի «Գարունը» (Տիգրան Մանսուրյան), «Սիրեցի՝ յարս տարան» (ժողովրդական մշակում), «Կիլիկիա» (Գաբրիել Երանյան), «Արշիլ Գորկի. վերջին նամակը» (Ալան Հովհաննես) և այլ պարային կատարումները՝ զարմանալիորեն դյուրընկալ ու գրավիչ՝ նաև արտերկրի այլալեզու հանդիսատեսի համար։ Հանրագումարում՝ արժանի գնահատանք. Նորայր Մեհրաբյանի ղեկավարած «Բարեկամություն» պարային համույթը երկրի նախագահի որոշմամբ բոլորովին վերջերս արժանացավ ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կոչման։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7982

Մեկնաբանություններ